Switch to English
 
 

2010թ.-ը հոբելյանական տարի էր Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի համար: Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 20-ամյա կենսագրությունը հագեցած է վառ իրադարձություններով, ճեմարանականների և աշխատակիցների նշանակալի ձեռքբերումներով և "Ռաունդ Սքվեր" շրջանակներում իրականացված տարբեր միջոցառումներով:

Տարին ի սկզբանե կարևորվում է նրանով, որ 2010 թ.-ի ՌՍ գերագույն խորհրդի մարտի հանդիպմանը ճեմարանը ճանաչվում է ՌՍ լիիրավ անդամ և հոկտեմբերին` իր հոբելյանի նախօրեին, "Ռաունդ Սքվեր" կազմակերպության գերագույն խորհրդի նախագահ Հունաստանի Կոնստանտին  2-րդ թագավորը ճեմարանի պատվիրակությանն է հանձնում կազմակերպության լիիրավ անդամի վկայականն ու դրոշը:

2010 թ. առաջին անգամ "Ռաունդ Սքվեր" շրջանակներում փոխանակման ծրագրով ճեմարանի սան Կորյուն Աչոյանը մեկ ամսով մասնակցել է Սինգապուրի Հարավարևելյան Ասիայի համաշխարհային միացյալ քոլեջի միջազգային բակալավրիատի ծրագրով իրականացվող ուսումնական գործընթացին, իսկ նույն թվականի ապրիլին մեկամսյա ուսումնամշակութային ծրագրով ճեմարանը հյուրընկալել է Հնդկաստանի Մայո միջազգային քոլեջից երկու սանի` Ջայվարդան Սինգհին և Պուլկիտ Լոդհային:

2010 թ.-ի հունիս- հուլիս ամիսներին "Ռաունդ Սքվեր" շրջանակներում ճեմարանը Ադրիատիկի և Ատլանտիկի համաշխարհային միացյալ քոլեջների հետ համատեղ իրականացնում է մշակութային և կամավորական համատեղ ծրագիր:

2008թ.-ից լինելով ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի անդամ` ճեմարանը 2010 թ. սեպտեմբերից կրտսեր դպրոցի առաջին դասարանում ուսումնական գործընթացը կազմակերպում է միջազգային բակալավրիատի ինտեգրված ծրագրով:

Ավագ դպրոցի անցյալ տարվա մեծագույն ձեռքբերումներից մեկը մասնակցությունն է Մոսկվայում կայացած"Կանաչ մոլորակ-2010" միջազգային էկոլոգիական ֆորումին, որտեղ ճեմարանականները դափնեկիրներ են դարձել մանկական նկարի, ֆոտոնկարի և գրական մրցույթներում: Դափնեկիրներ են դարձել  նաև ճեմարանի թատերական և պարի ստուդիաները:

Հատկանշական է նշել նաև 2010 թ. դեկտեմբերին Չեխիայի Լիդիցե քաղաքում կազմակերպված 38-րդ մանկական նկարների միջազգային մրցույթում ճեմարանի 3 սաների հաղթանակը, որոնց պարգևատրեց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Յեստռաբն անձամբ:

Մեծ էր նաև Հայաստանում կայացած 6-րդ միջազգային երիտասարդական Դելփյան խաղերում ճեմարանի սանուհի Զարուհի Մարգարյանի նվաճումը` ոսկե մեդալ"Մնջախաղ անվանակարգում":

2010 թ.-ի սեպտեմբերին ճեմարանը ճանաչվել է "Մայքրոսոֆթ" ընկերության "Գործընկերներ ուսման ոլորտում" ծրագրի շրջանակներում իրականացվող "Նորարար դպրոցներ" միջազգային նախագծի աշխարհի 56 ամենաառաջավոր դպրոցներց մեկը և հրավիրվել է մասնակցելու Հարավային Աֆրիկայում, Քեյփթաունում կազմակերպված "Նորարար Կրթություն 2010" համաշխարհային գիտաժողովին:

2010թ.-ին ճեմարանում ՌՍ գործողությունների շրջանակներում իրականացվել են բազում ծրագրեր:

Բարեգործական նպատակներով ճեմարանը ծնողխորհրդի հետ համատեղ իրականացրել է բարեգործական ծրագիր, որի համաձայն "Օրրան" բարեգործական հասարակական կազմակերպության խնամառու երեխաներին ապահովել է սնունդով: "Սա լավ ձև է մեզ համար մեր երեխաներին սովորեցնել բարեգործություն կատարել փոքր տարիքից",- մեզ հետ զրույցում ասաց ծնողների միության նախագահը: Ըստ նրա, այդ ամենի նպատակն է, որ երեխաները մեծանան որպես լավ քաղաքացիներ` միշտ մտածելով օգնել նրանց, ովքեր կարիքի մեջ են:

Ճեմարանի սաները անապահով ընտանիքներում ապրող երեխաներին նման օգնություն են տրամադրում ամեն տարի, մինչ այժմ այդ նպատակով հավաքվել է հարյուրավոր կիլոգրամ մթերք: Երեխաները փաթեթավորում են արկղերը և ուղարկում"Օրրան":

"Օրրան"-ի անձնակազմը իր շնորհակալությունն է հայտնել Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաներին և ծնողներին` օգնության և գթասրտության համար:

2010 թ.-ի մայիսին "Փրկություն հաշմանդամ երեխաներին" կազմակերպությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով ՌՍ շրջանակներում ճեմարանի սաները մասնակցել են բարեգործական միջոցառմանը և իրենց ներդրումը կատարել հաշմանդամ երեխաների օգնության հարցում:

2010 թ.-ի ՌՍ գործունեության շրջանակներում ճեմարանի սաները այցելել են Հայաստանի տարբեր մանկատներ, տարեցների տուն` ինտերնատներ` բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու, ինչպես նաև օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ճեմարանի սաները ետ չեն մնացել բարեգործական նպատակներով շինարարական աշխատանքներ կատարելու գործընթացից ևս և հոկտեմբեր ամսին "Հաբիթաթը մարդկության համար" կազմակերպության շրջանակներում շինարարական աշխատանքներ են կատարել Հայաստանում 1988թ. տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ամենից շատ տուժած քաղաքում` Սպիտակում:

2010 թ.-ին ճեմարանի միջին դպրոցի սաներին հնարավորություն տրվեց մասնակցելու Հնդկաստանում, Վիդյա Դևի Ջինդալ դպրոցում կայացած ՌՍ տարածաշրջանային համաժողովներին և Դելի քոլեջի կողմից կազմակերպված “Փոփոխություն կատարել” թեմայով աշակերտական տարածաշրջանային համաժողովին:

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանն զգալի թվով գիտնականների, բժիշկների և այլ ճանաչված մասնագետների օրրանն է դարձել և շարունակում է իր սաներին դաստիարակել հաղթական ոգով` չբավարարվել նվաճած գիտելիքներով և հաղթանակներով, գնալ առաջ` ձգտելով փայլել և գիտելիքներով, և մարդկային արժեքներով և պահպանել դեռ վաղուց որդեգրած ՌՍ սկզբունքները` ինտերնացիոնալիզմ, դեմոկրատիա, շրջակա միջավայրի պահպանություն, հոգու և մարմնի կերտում, առաջնորդություն և ծառայություն հանրությանը:

Տարին եզրափակվեց ճեմարանի 20-ամյա հոբելյանական մեծ միջոցառմամբ, որին մասնակցում էին ՀՀ վարչապետը, քաղաքական այլ գործիչներ, մշակույթի ներկայացուցիչներ, գիտնականներ և այլն: Միջազգային հյուրերի շարքում էին ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի ասոցիացիայի նախագահն ու գործադիր տնօրենը, ինչպես նաև ՌՍ գործադիր տնօրեն Բրայեն Դոուսոնը: