|
Ավելի քան երկուսուկես տոննա թղթի թափոն հավաքեցին Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաներն ու ուսուցիչները: Այդպես նրանք արձագանքեցին Ձեր ունեցած ոչ պիտանի թղթի թափոնը կարող է դառնալ «Սոմալիի սովից մահացող երեխաների փրկության հույս» հայտարարությանը, որտեղ նշված էր նաև, որ ամեն օր Սոմալիում սովից մահանում է շուրջ 2000 մարդ: Նրանց բացարձակ մեծամասնությունը երեխաներ են:
- Ընդամենը չորս շաբաթ տևեց բարեգործական այդ ակցիան, -ասում է ճեմարանի տնօրենի` միջազգային կապերի գծով օգնական Սաթինե Ղարաքեշիշյանը: - Այն ցույց տվեց, որ մեր երեխաների համար բարեգործություն անելը դարձել է կենսակերպ, որ, իրոք, նրանց համար ուրիշի դժբախտություն չի լինում: Սա առաջին դեպքը չէ, երբ մեր ճեմարանի սաներն արձագանքում են նման կոչին: Անցյալ ուսումնական տարում Անանիա Շիրակացու անվան ճեմարանը արժանացել էր «Օրրան» միջազգային բարեգործական հիմնադրամի շնորհակալությանը:
Երեխաները բերում էին ամեն ինչ, ինչ կարելի է օգտագործել որպես թափոն` օգտագործված տետրեր ու օրագրեր, ռեֆերատներ, հնամաշ ամսագրեր և թերթեր, բուկլետներ, զանազան գովազդային թերթիկներ և պլակատներ: Եղան դեպքեր, երբ երեխաները բերեցին գրքեր: Մենք նրանց բացատրեցինք, որ այդ գրքերը գուցե իրենց ընտանեկան գրադարանում տեղ չունեն, բայց գիրքը` որպես թափոն, օգտագործել չի կարելի:
- Մենք չենք կարծում, թե մեր երեխաների այդ օգնությունը լիովին կլուծի Սոմալիի սովյալների հիմնահարցը: Ո՜չ, իհարկե: Մեզ ուրախացնում է մեր երեխաների քաղաքացիական դիրքորոշումը, մարդկանց օգտակար լինելու պատրաստակամությունը, - վերջում ասաց Սաթինե Ղարաքեշիշյանը:
Լևոն Ազրոյան
|