|
Այս անգամ չորրորդ դասարանցիների հետազոտության միջառարկայական թեման էր «Մոլորակը մեր ընդհանուր տունն է», որի շրջանակներում երեխաներն ուսումնասիրեցին բնական ռեսուրսները և հանգեցին մի պարզ ճշմարտության` «Երկիր մոլորակի բնական ռեսուրսների հավասարակշռությունը կախված է մեզանից»:
Գործընթացը երեխաների համար շատ հետաքրքիր էր, եզրահանգումները` օգտակար: Ճանաչելով բնական ռեսուրսներն ու նրանց հատկությունները, իմանալով դրանց գործածության ոլորտներն ու շահագործման ծավալները` երեխաները ծրագրեր մշակեցին բնական ռեսուրսների հավասարակշռության պահպանման, դրանց նպատակային և խնայողաբար օգտագործման վերաբերյալ:
Գիտակցելով անձնական պատասխանատվությունը Երկիր մոլորակի անվտանգ կենսագործունեության հարցում` երեխաները հասկացան նաև, որ ցանկացած բնական ռեսուրս կարելի է խնայել ու պահպանել թափոնների վերամշակման ճանապարհով: Նրանց նախաձեռնությամբ հարթակներում տեղադրվեցին արկղեր թղթի թափոնների և պլաստիկի առանձնացման համար:
Հաջորդ քայլը այցելությունն էր ճեմարանական համայնքի ներկայացուցիչ Գարիկ Իսախանյանի ղեկավարած թղթի վերամշակման արտադրամաս, որտեղ երեխաները ականատես եղան իրենց իսկ հավաքած թղթի թափոնների մշակման գործընթացին, շրջեցին գործող արտադրամասերում, եղան տպարանում և նվեր ստացան տետրեր, ստվարաթղթեր…
«Ի՞նչ տվեց ձեզ էքսկուրսիան» հարցին սաներից մեկը տվեց այսպիսի պատասխան. «Ես հասկացա, որ ծառերը փրկելու համար անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել թուղթը, իսկ մնացորդները պետք չէ թափել. դրանք հաստատ ինչ-որ մեկի համար կարող են գիրք կամ տետր դառնալ: Մենք համատեղ ուժերով գոնե մի քանի ծառի երկրորդ կյանք պարգևեցինք…»:
«Փոքրիկ ճեմարանական» կրթահամալիր
|