Switch to English
 
Նորություններ

Լեգենդար հետախույզի հիշատակին

Մոսկվայում, կյանքի 88-րդ տարում իր մահկանացուն կնքեց հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեկը, 20-րդ դարի  լեգենդար հետախույզ, Սովետական Միության հերոս Գևորգ Վարդանյանը: Այդ ականավոր հայորդու մահը խորապես ցնցեց ոչ միայն նրա հարազատներին, աշխատանքային ընկերներին, հասարակայնության լայն խավերին, այլև Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաներին և ուսուցիչներին: Ճեմարանականները նրա մահը սգում էին ոչ միայն որպես լեգենդար մարդու, մեծագույն հայի, այլ նաև որպես պատվավոր ճեմարանականի:

Տակավին կյանքի օրոք լեգենդ դարձած Գևորգ Վարդանյանը Շիրակացու ճեմարանի լավագույն բարեկամներից էր, որը մշտապես կապի մեջ է կրթօջախի հետ, հետաքրքրվում է նրա կյանքով: Շատերն են հիշում լեգենդար հետախույզի և նրա տիկնոջ ջերմ մաղթանքները, որ նրանք հղել էին Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 20- ամյակի կապակցությամբ:

Բոլորովին վերջերս, Ուսուցչի օրվա կապակցությամբ Գևորգ Վարդանյանը հերթական անգամ այցելեց Շիրակացու ճեմարան, որին հանդիսությունների դահլիճում ներկա գտնվողները դիմավորեցին բուռն ծափողջյուններով, դրանով իսկ արտահայտելով իրենց սերն ու հարգանքը այդ մեծ հայրենասերի նկատմամբ: Սրտանց շնորհավորելով հավաքվածներին ուսուցչի օրվա կապակցությամբ, Գևորգ վարդանյանը խոստովանեց, որ նա մանկուց առանձնակի սեր է տածում ուսուցչի նկատմամբ, որի տված գիտելիքների շնորհիվ նա կյանքում հասել է որոշակի հաջողությունների:

Գևորգ Վարդանյանը ճեմարանականների մեծագույն բարեկամն էր, մասնավորապես հանձինս նրանց տեսնում էր անկախ Հայաստանի երջանիկ ապագան կերտողների: Այդ մասին նա միշտ խոսել է ճեմարանականների հետ մասնավոր զրույցների ժամանակ:

Այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ փոքրիկ մի ճեմարանականի պատմելով իր կյանքի ամենահետաքրքիր դրվագներից մեկի մասին, լեգենդար հետախույզն ասել է. «Այն ամենը, ինչ մենք կյանքում արել ենք կնոջս հետ, եղել է հօգուտ Հայրենիքի: «Թեհրան-43»-ը իմ կյանքի ամենագլխավոր իրադարձություններից մեկն էր: Դրանից հետո ևս կարևոր իրադարձություններ եղան, սակայն դրանց մասին դեռևս պատմել  չի կարելի»: Ահա այսպես համեստորեն նա ներկայացրեց իր կյանքի խոշորագույն գործողությունը, որը, ինչպես պարզվեց, փոխեց պատմության ընթացքը:

Գևորգ Վարդանյանը սիրով էր կրում «Պատվավոր ճեմարանականի և Անբասիր ծառայությունների համար» մեդալը, որը նրան շնորհվել էր առաջիններից մեկը:
Ճեմարանում ավանդաբար անցկացվող առաջիկա տողանը նվիրվելու է լեգենդար մարդու և մեծ հայրենասերի հիշատակին:

Տես լուսանկարները...>>>

Տես տեսանյութը (YouTube)...>>>

Լևոն Ազրոյան