|
Փի-Էյչ Ինթերնեշնլ (www.ph-int.org) կազմակերպության ամերիկյան և հայկական գրասենյակները, Ari Movement կազմակերպության հետ համագործակցելով, իրականացնում են ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող YouthLAB (Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների) ծրագիրը, որի նպատակն է մասնակից հայ, թուրք և ամերիկացի պատանիների մեջ զարգացնել առաջնորդի հատկություններ: Հայաստանի հանրակրթական հաստատություններից բաց մրցույթի միջոցով ս.թ. մարտ ամսին ընտրված 24 հայ աշակերտներ իրենց հասակակից ամերիկացի և թուրք 48 աշակերտների հետ ս.թ. հուլիսի 7-27-ը ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում մասնակցեցին Առաջնորդության ճամբարի (http://www.ph-int.org/news/pr177/157/arm/), որի ժամանակ նրանք ձեռք բերեցին նոր գիտելիքներ և գործնական հմտություններ համայնքային ռեսուրսների մոբիլիզացման համար սոցիալական մեդիայի կիրառման, համայնքային ծրագրերի նախագծման և իրականացման վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան, բոլորն առաջադրանք ստացան նախաձեռնել որևէ ծրագիր, որը նպատակ ունի բարելավել իրենց համայնքը և լուծել համայնքում նկատված որևէ կոնկրետ խնդիր:
Ծրագրի հայ մասնակիցներից երեքը` Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սան և աշակերտական խորհրդի անդամ Տիգրան Ասլանյանը, Երևանի թիվ. 78 դպրոցի աշակերտական խորհրդի տեղեկատվական բաժնի նախագահ Վիկտորյա Մանուկյանը և Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցի աշակերտուհի, աշակերտական խորհրդի համակարգման բաժնի փոխնախագահ Քնարիկ Ավոյանը, միասին թիմ են կազմել և նախաձեռնել են մի ուշագրավ ծրագիր, որև կոչվում է «Վերամշակումը որպես կյանքի նոր ուղի»:
Տիգրանը, Քնարիկը և Վիկտորյան ցանկանում են կյանքի կոչել շատ երկրներում տարածված, սակայն Հայաստանում գրեթե անծանոթ մի գաղափար: Բնության պահպանմամբ և իրենց իսկ առողջությամբ մտահոգվելով, նրանք նկատել են, որ աղբի վերամշակումը Հայաստանում ընդունված չի, և իրենց հասակակիցներին իրազեկելով այս մասին, նրանց կոչ են անում միանալ իրենց թիմին` Հայաստանում կիրառելու աղբ հավաքելու ճիշտ մեթոդներ և ձևավորելու բնության պահպանմամբ մտահոգված հանրային գիտակցություն:
Այս երեք երիտասարդների ծրագիրը սկսվել է օգոստոս ամսին և մինչև նոյեմբեր, իրականացնելու է հետևյալ աշխատանքները.
- Երևանի մի քանի դպրոցներում սեմինարների միջոցով տեղեկացնել հասարակությանը, հատկապես իրենց հասակակիցներին, աղբի վերամշակման կարևորության մասին, բարձրացնել բնապահպանական գիտակցությունը` առողջապահական և տնտեսական նշանակությունների առումով:
- Տեղադրել վերամշակման աղբարկղեր այն դպրոցներում և համայնքներում, որտեղ նրանք սեմինար են կազմակերպում և մասնակիցներին տեղեկացնում են աղբի վերամշակման կարևորության մասին:
- Արդեն իսկ տեղեկացված հասարակության աջակցությամբ փորձել հավաքել առվազն 300 կիլոգրամ վերամշակման ենթակա աղբ և հանձնել այն աղբի վերամշակմամբ զբաղվող համապատասխան գործարան:
Երիտասարդներն իրենց ընկերների և այլ աջակիցների հետ միասին նպատակային 300 կգ՞-ի փոխարեն արդեն հավաքել են ավելի քան 600կգ վերամշակման ենթակա աղբ, ինչպես նաև սեպտեմբեր ամսին կազմակերպել են 5 սեմինարներ, որոնց ավարտից հետո գործընկերների կողմից խմբին անվճար տրամադրված վերամշակման աղբարկղեր են տեղադրել Երևանի հետևյալ 4 հանրակրթական հաստատություներում.
- Անանիա Շիրակացու անվան ճեմարանում` սեպտեմբերի 26-ին և 30-ին,
- Երևանի թիվ 94 դպրոցում` սեպտեմբերի 27-ին և 30-ին,
- Երևանի թիվ 78 դպրոցում`սեպտտեմբերի 28-ին:
Անանիա Շիրակացու անվան ճեմարանում «Աղբի վերամշակման ճանապարհներն ու ձևերը» թեմայով կազմակերպված 2 սեմինարներին մասնակցեցին ճեմարանի 1-3 կուրսերի (8-10-րդ դասարաններ) մոտ 50 սաներ, իսկ միջոցառումները նախաձեռնող 3 երիտասարդներին աջակցեցին թե’ ճեմարանի աշխատակիցները, թե’ «Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների» ծրագրի այլ մասնակիցներ, որոնք ևս հանդիսանում են ճեմարանի սաներ:
Ճեմարանում կազմակերպված սեմինարների ընթացքում նրանք մասնակիցներին ներկայացրեցին, թե ինչ է աղտոտումը, ինչ է վերամշակումը, խոսեցին այն մասին, թե ներկայումս ինչպես են անպետք կենցաղային թափոնները և վերամշակելի աղբը հավաքվում և թափվում համատեղ, թե ինչպես է այդ ամենը այրման միջոցով վերացվում, ինչի հետևանքով մթնոլորտ են արտանետվում վնասակար գազեր: Մասնակիցներն աշխուժորեն կատարեցին բոլոր առաջադրանքները, բայց հատկապես ոգևորված անցավ այն վարժությունը, որի ժամանակ նրանք պիտի որոշեին, թե տարբեր նյութերից պատրաստված իրերը ինչքան ժամանակում են դառնում հումուս: Ճեմարանի սաներն իրենց կարծիքներն արտահայտեցին աղբի վերամշակման հնարավոր տարբերակների մասին, ինչպես նաև և ճեմարանի սան Վահան Կոստանյանի ղեկավարությամբ, խոստացան աջակցել Տիգրանին, Վիկտորյային և Քնարիկին նկարահանելու թեմային նվիրված մի հետաքրքիր կարճ հոլովակ: Անանիա Շիրակացու անվան ճեմարանում սեպտեմբերի 30-ին կազմակերպված սեմինարի վերջում խումբը բոլոր ներկաներին հյուրասիրեց «Աշտարակ Կաթ»-ի կողմից ծրագրին նվիրաբերած Mojo յոգուրտներ:
Երկու սեմինարներ էլ անցան հետաքրքիր և անմիջական մթնոլորտում: Շնորհակալություն ճեմարանին, ծրագիրը նախաձեռնող երիտասարդներին, բոլոր աջակիցներին և մասնակիցներին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Եթե ցանկանում եք տեսնել սեմինարների նկարները, հետևել «Վերամշակումը որպես կյանքի նոր ուղի» ծրագրի բոլոր նորություններին կամ դառնալ խմբի անդամ, ապա կարող եք գտնել ծրագրի էջը Facebook սոցիալական ցանցում http://www.facebook.com/Recyclinginarmenia:
Տես լուսանկարները... >>>
|