Switch to English
 

Արտաուսումնական կառույցներ

Թատերական ստուդիա

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի դրամատիկական ստուդիան ստեղծվել է 1991թվականին: Ստուդիան ղեկավարում է շնորհալի դերասան և հումորիստ, բազմաթիվ հետաքրքիր հեռուստահաղորդաշարերի հեղինակ և լրագրող Գարիկ Ղազարյանը: Առաջին ներկայացումը (ըստ Վարդան Աճեմյանի “Խորոշո” մանրապատումի) կայացել է 1991թ. մայիսի 31-ին: Այնուհետև բեմադրվել են
Գ. Ղազարյանի “Տոնածառը և Կարմիր գլխարկը” (1991թ.),
Դ. Դեմիրճյանի “Քաջ Նազարը” (1992թ.),
Գ. Ղազարյանի “Հենզելը, Գրետելը և …” (1992թ.),
Հ. Պարոնյանի “Մեծապատիվ մուրացկանները” (հատվածներ, 1993թ.),
Ի. Իլֆի և Ե. Պետրովի “Ռոբինզոնը” (1996թ., 1998թ.),
Գ. Ղազարյանի “13-րդ ալիքը” (1998թ.),
Ա. Չեխովի “Արջը” (1998թ., 2001թ.),
Թ. Ալեքսանյանի “Թումանյանի աշխարհում” (օպերային ու բալետային հատվածներով, 1999թ.),
Ն. Գոգոլի “Ռեվիզորը” (2000թ.):
Ի. Իլֆի և Ե. Պետրովի “Բուռն զգացմունք”-ին խումբն անդրադառնում է երկրորդ անգամ: Վոդևիլի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1996թ.:
Թատերախումբը մասնակցել է “Նռան հատիկ” հանրապետական մանկապատանեկան փառատոններին և արժանացել շնորհակալագրերի, ինչպես նաև Հայաստանի թատերական գործիչների Միության դիպլոմի:
Հատկանշական է այն հանգամանքը, որ ստուդիայի սաները չեն խզում իրենց կապերը թատերախմբի հետ և ժամանակ են գտնում իրենց ուսանողական բազմազբաղ առօրյայից մասնակցել ճեմարանական ներկայացումներին:
2003թ նոյեմբերին “Շիրակացու օրեր” փառատոնում թատերախումբը ներկայացրեց Ալ. Շիրվանզադեի “Մորգանի խնամին”:
Թատերական ստուդիայի խաղացանկը գնալով մեծացավ: 2006թ.-ին  սաները ներկայացրեցին Շ. Պեռոյի “Մոխրոտը”: Հաջորդեցին Ա. Չեխովի “Առաջարկություն” կատակերգությունը (2007թ.), “Միացրեք 13-րդ ալիքը” հաղորդման հոբելյանին նվիրված գեղեցիկ ներկայացումը (2009թ.), Մ. Զոշչենկոյի 2 նովելների հիման վրա “Արիստոկրատուհին” և “Ճգնաժամը” փայլուն ներկայացումները,  ինչպես նաև Օ΄Հենրիի “Մոգերի ընծաները” (2010թ.): Եվ ստուդիայի ամենավերջին ներկայացումը հայ մեծանուն գրող Ալեքսանդր Շիրվանզադեի հայտնի ստեղծագործության` ”Պատվի համար դրամայի” բեմադրությունն էր (2011թ.):

Ի դեպ,  բոլոր վերը նշված ներկայացումները մասնակցել են “Նռան հատիկ” մանկապատանեկան թատերական փառատոնին` արժանանալով բարձր գնահատականի, իսկ  “Արիստոկրատուհին” և “Ճգնաժամը” ներկայացումների համար ստուդիայի սաները 2010թ.  արժանացել են “Կանաչ մոլորակ” միջազգային փառատոնի դափնեկրի կոչման: