|
2010-2011 ուսումնական տարում ճեմարանում գործող արտադասարանանական միավորումներ
Արտադասարանական միավորումների գործունեությունը հնարավորություն է տալիս բավարարել սաների հետաքրքրությունները, ձևավորել անհրաժեշտ ունակություններ և կարողություններ, հաղորդել սաներին նոր գիտելիքներ:
Սպորտային միավորումները նպաստում են սաների առողջությանը, թույլ են տալիս երկարատև մտավոր աշխատանքից հանգստանալ և թարմ ուժերով անցնել դասապատրաստմանը:
Տարվա ընթացքում անցկացվում են ավանդական դարձած սպորտլանդիաներ, մրցումներ, սպարտակիադաներ, առաջնություններ թե ճեմարանականների միջև, թե այլ կրթական հաստատությունների հավաքական թիմերի հետ:
Կերպարվեստի և հագուստի մոդելավորման խմբակի սաները մեծ հաճույքով հաճախում են պարապմունքներին: Տարվա ընթացքում պատանի նկարիչները և դիզայներները ցուցադրում են իրենց աշխատանքները բազմաթիվ ցուցահանդեսներում: Մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ճեմարանի սաները անհատական ցուցահանդեսների հանդեպ:
Պարի ստուդիայի սաները տարվա ընթացքում ելույթ են ունենում տարբեր միջոցառումների ժամանակ, իսկ տարվա վերջում բոլորի առջև կայանում է հաշվետու համերգ:
Համակարգչի սիրահարները մեծ ոգևորությամբ հաճախում են “Պատանի ծրագրավորող” միավորման պարապմունքներին: Հմուտ ուսուցիչների օգնությամբ նրանք տիրապետում են համակարգչի հրաշալի աշխարհի գաղտնիքներին:
Պատանի ինտելեկտուալներն անընդհատ փորձում են իրենց ուժերը թե՛ ներճեմարանական, թե՛ համադպրոցական ամենատարբեր մրցույթներում և արդեն իսկ բազմաթիվ նվաճումներ ունեն:
Ճեմարանի թատերական ստուդիան իր ներկայացումներով զարմանք է առաջացնում, թվում է թե գտնվում ես մեծ թատրոնում, իսկ սաները վաստակավոր արտիստներ են:
Մնջախաղի ստուդիայի սաներն արդեն իրենց վարպետությամբ նվաճել են ոչ միայն ճեմարանական հանդիսատեսի սիրտը, այլ նաև արվեստի միջազգային փառատոնների պարգևները:
Երգչախմբում ընդգրկված են 10-16 տարեկան սաները: Երգչախմբի երգացանկը բազմազան է` հայկական, ռուսական, տարբեր ազգերի երգեր, երաժշտական կոմպոզիցիաներ: Այս տարի հանդիսատեսի դատին ներկայացվեց նաև “Ալիսան հրաշքների աշխարհում” հանրահայտ մյուզիքլից հատված: Ապագայում սպասվում է մանկական օպերայի ստեղծումը:
Դե, իսկ պատանի լրագրողներն աչալուրջ հետևում և մեկնաբանում են բոլոր ճեմարանական միջոցառումներն ու արարողությունները:
Ճեմարանի սաների արտաուսումնական առօրյան լի է միջոցառումներով`“Ուսուցչի օր”, “Ճեմարանի սպարտակիադա”, “Շիրակացու օրեր” փառատոն, “Պատանի ստեղծագործողներ”-ի ցուցահանդես, Ամանորի հանդեսներ, հանդիպումներ երգահանների, գրողների, արվեստագետների հետ և այլն: Բեմից հնչում են գեղարվեստական ելույթներ, ցուցադրվում են բեմականացումներ, անցկացվում են ինտելեկտուալ խաղեր, վիկտորինաներ, այլն:
Ճեմարանի արտաուսումնական մասի ղեկավարն է Տաթևիկ Արզումանյանը:
|